Վահագն Հարությունյան․ «Ա լիգայի գլխավոր նպատակը հայկական բասկետբոլը զարգացնելն է, ոչ թե լեգեոնականների հաջող «որսը»

Վահագն Հարությունյան․ «Ա լիգայի գլխավոր նպատակը հայկական բասկետբոլը զարգացնելն է, ոչ թե լեգեոնականների հաջող «որսը»

Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության 11-րդ տուրում ՖԻՄԱ-ն 96։109 հաշվով պարտություն կրեց գործող չեմպիոն «Արցախից»։

Խաղից հետո VNews-ի հետ զրուցեց ՖԻՄԱ-ի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը։

«Մենք խաղացինք այս մրցաշրջանի մեր լավագույն խաղը։ Եթե խաղի ստատիստիկային ուշադիր նայենք, երևում է, որ «Արցախը» շատ միավորներ է բերել երկրորդ շանսից՝ շնորհիվ բարձրահասակ բասկետբոլիստների։ Այսպիսի կազմերով խաղի ժամանակ այլ կերպ չէր կարող լինել։ Բայց ես գոհ եմ իմ բոլոր բասկետբոլիստներից, 96 միավոր վաստակել «Արցախի» նման կազմի դեմ հիանալի արդյունք է։ Իմ տղաները ֆանտաստիկ խաղացին և ես նրանց շնորհակալություն եմ հայտնում դրա համար։

Եվ շարունակում եմ մնալ այն խոսքին, որ պետք է հիմնվել տեղացի բասկետբոլիստների վրա, պետք է աճեցնել հայ երիտասարդ բասկետբոլիստներին։

Ա լիգայի թիմերը պետք է որս սկսեն ոչ թե լեգեոնականների, այլ տեղացի բասկետբոլիստների համար։ Չէ որ Ա լիգայի գերագույն նպատակը հայկական բասկետբոլի զարգացումն ապահովելն է»,- ասեց Վահագն Հարությունյանը։