bfa_arm

Տեղի է ունեցել ՀԲՖ նախագահության 2022թ-ի վերջին նիստը

Կայացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2022 թվականի նախագահության վերջին նիստը։

Օրակարգային հարցերում ներկայացվել են 2022 թվականին կատարված աշխատանքները և քննարկվել 2023 թվականի ծրագրերը։

ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանն, ամփոփելով տարին, նշել է, որ գոհ է գրանցված արդյունքներից:

«Այս տարին կարող ենք հաջողված համարել ոչ միայն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի, այլ նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների համար։ Առաջնությունների պատանի տղա և աղջիկ լավագույն խաղացողները Հայաստանի ներկայացուցիչներն էին։ Այդ փաստը ոչ միայն նշանակալի ձեռքբերում է, այլ նաև հավելյալ մոտիվացիա։ Կփորձենք այդ հաջողություններն ամրապնդել գալիք տարում։ Հաշվի առնելով Արցախում առկա իրավիճակը՝ այս տարի ցանկություն չկա կազմակերպելու տոնական հանդիսավոր միջոցառում»,- ասաց ՀԲՖ նախագահը։

Նախագահության նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ 2023 թվականին Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք տղամարդկանց Մ18 Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, փոխարենը ՀԲՖ-ն հայտ է ներկայացրել մասնակցելու Պորտուգալիայում կայանալիք B դիվիզիոնին:

Նիստի ընթացքում նշվել է, որ շարունակվում է բուքմեյքերական ընկերությունների կողմից ստացվող գումարների փոխհատուցման գործընթացը, որն էլ թևակոխել է վերջնական փուլ:

Օրակարգի այլ հարցերում քննարկվել են Հայաստանում մինի բասկետբոլի զարգացման հեռանկարները, ինչպես նաև մանկապատանեկան և երիտասարդական բասկետբոլի առաջխաղացման ծրագրերը։