bfa_arm

Համահայկական խաղեր. Արա Ջեջեյանը ներկայացրել է «Բևեռլի Հիլզ»-ի կազմը

Մի քանի օրից կմեկնարկեն համահայկական 8-րդ խաղերը: Բասկետբոլի մրցաշարում ներկայանալիք թիմերից մեկը «Բևեռլի Հիլզ»-ն է, որը նախորդ անգամ դարձել էր խաղերի փոխչեմպիոն: Այս թիմի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի նախկին և ներկայիս մի շարք խաղացողներ: Թիմի գլխավոր մարզիչ Արա Ջեջեյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում անդրադարձել է իրենց մասնակցությանը և խոսել թիմի կազմի մասին:

«Արդեն 2 տարի է՝ աշխատում եմ թիմի կազմի համալրման ուղղությամբ: Մեր թիմի խաղացողներն աշխարհի տարբեր անկյուններից են: Շատերը ժամանելու են ԱՄՆ-ից, որոշներն էլ Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից: Թիմի կազմում խաղացողներ ունենք նաև Հայաստանից: Մշտապես փորձում եմ հետևել բոլորի ելույթներին՝ հասկանալու, թե ինչպես են հանդես գալիս իրենց ակումբներում:

Մեր կազմում կան երկու խաղացողներ, որոնք կիսով չափ հայ են, և, ցավոք, երբեք չեն եղել Հայաստանում: Ինձ համար նշանակալի է, որ համահայկական խաղերի շնորհիվ հնարավորություն կունենան տեսնել Հայաստանը և հասկանալ, թե որտեղից են եկել իրենց արմատները:

Մինչև համահայկական խաղերի մեկնարկը թիմն ամբողջական կազմով մի քանի մարզում կանցկացնի: Դժվար է լինելու, քանի որ շատերը միասին դեռ չեն խաղացել: Բայց սա լավ փորձ է, հնարավորություն՝ խաղալ հայրենիքում: Հուսով եմ՝ կկարողանանք լավ հանդես գալ և գոհ մնալ արդյունքից»,- ասաց Արա Ջեջեյանը:

Արա Ջեջեյանը ներկայացրել է նաև «Բևեռլի Հիլզ»-ի հայտացուցակը:

•Ռայան Կիաչյան
•Արամ Արսլանյան
•Արկադի Մկրտիչյան
•Աղասի Տոնոյան
•Անտուան Ալեգրե
•Արտյոմ Թավակալյան
•Թևան Խուդաթյան
•Ալբերտ Թադևոսյան
•Էնդրյու Դաբաղյան
•Սերոբ Ջեջեյան
•Ալեն Բարամջյան

Հիշեցնենք, որ համահայկական 8-րդ ամառային խաղերում ներառված բասկետբոլի մրցումները կանցկացվեն օգոստոսի 7-ից 18-ը։ Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն 30 թիմեր: