bfa_arm

Սարգիս Ստեփանյան. Կարծում եմ՝ երկու թիմերն էլ արժանի էին չեմպիոնի կոչմանը

VBET Հայաստանի կանանց 2021/2022 առաջնության չեմպիոն «Երևան Բասկետ» ակումբի գլխավոր մարզիչ Սարգիս Ստեփանյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է թիմի ելույթները և կիսվել է իր տպավորություններով: 

«Ի տարբերություն նախորդ մրցաշրջանի՝ այս մրցաշրջանում «Երևան Բասկետ»-ի կազմը գրեթե ամբողջությամբ փոխվել էր։ Նախորդ տարվա կազմից միայն 2 խաղացող էր ընդգրկվել։ Առավելագույնս փորձել էի մոտեցումներս փոխանցել նոր կազմին, բացատրել, թե ինչպիսի խաղ եմ ցանկանում տեսնել։ Կարծում եմ՝ մեր համատեղ ուժերով հաջողվել է այդ ամենն իրականացնել։

Մինչև մրցաշրջանի մեկնարկը ծանոթացա արտասահմանցի խաղացողների հնարավորություններին և փորձեցի հնարավորինս ճիշտ ընտրություն կատարել։ Հասկանում էի՝ այս տարի ակումբներն այլ խաղամակարդակ են ունենալու, քանի որ թիմերում ընդգրկվող արտասահմանցի բասկետբոլիստները գերազանցում էին տեղացի խաղացողներին ոչ միայն իրենց ֆիզիկական, այլև անհատական տեխնիտակտիկական պատրաստվածությամբ։ Խաղացողների վերջնական ընտրությունից հետո ամեն ինչ արեցինք, որ թիմում ստեղծենք առողջ և կայուն մթնոլորտ՝ հստակեցնելով մեր առջև դրված խնդիրները։ Նրանք շատ արագ հարմարվեցին թիմին, իսկ առաջացած խնդիրներն էլ լուծելի էին ժամանակի ընթացքում:

Առաջնությունը բավականին հետաքրքիր ընթացավ․ մեկնարկեցինք «Հատիս»-ի նկատմամբ հաղթանակով։ Մի քանի պարտություն գրանցեցինք, բայց ունեցանք բազմաթիվ հաղթանակներ։ Առանձնացրել էինք մի սկզբունք․ յուրաքանչյուր գործողություն խաղադաշտում պետք է ուղղված լիներ ի շահ թիմի։ Մեր չեմպիոն դառնալն էլ ինձ վերջնականապես համոզեց, որ այդ հարցում հաջողել ենք:

«Հատիս»-ը կանոնավոր առաջնությունում երկու պարտություն է կրել և երկու անգամն էլ պարտվել «Երևան Բասկետ»-ին: Իսկ մենք այլ ակումբներից էլ ենք պարտություն կրել։ Լավագույն արդյունքները ցույց տալով՝ այս երկու թիմերը հասան եզրափակիչ։ Նշեմ, որ կիսաեզրափակչից առաջ մեր թիմի խաղացող Օթմ Ուիլյամսը ստացավ վնասվածք և բաց թողեց չորս խաղ։ Դեռևս ամբողջովին չապաքինված՝ մասնակցեց եզրափակիչ շարքի հանդիպումներին։ Վնասվածք էր ստացել նաև «Հատիս»-ի խաղացողներից Սառա Էդմոնդը։ Երկուսն էլ իրենց թիմերում առանցքային խաղացողներ էին, և նման իրավիճակը չէր կարող չազդել թիմերի ելույթների վրա։

Իհարկե, մեր բոլոր հանդիպումներում էլ լինում էին սխալներ, բայց խաղից խաղ փորձում էինք բարելավել որակը և նույն սխալները չկրկնել։ Ամենամեծ խնդիրը ունեցել ենք պաշպանությունում, հատկապես այն ժամանակ, երբ չէինք կարողանում կանգնեցնել մրցակիցների արագ հարձակումները։

Եզրափակիչ շարքի առաջին խաղում մեզ հաջողվեց հաղթել, բայց «Հատիս»-ի խաղացող Սառա Էդմոնդը գրեթե չխաղաց, իսկ մեր կազմի խաղացող Օթմ Ուիլյամսը ավելի շատ ժամանակ անցկացրեց խաղադաշտում՝ չնայած շատ հեռու էր իր լավագույն ցուցադրած խաղից։ 

Երկրորդ խաղում պարտվեցինք։ Կարծում եմ՝ շատ արագ հավատացինք, որ մենք չեմպիոն ենք։ Զգոնության մասնակի կորուստ տեղի ունեցավ, ինչի արդյունքն էլ ականատես եղանք։

Իսկ երրորդ՝ վճռական հանդիպման ժամանակ, խաղադաշտ էինք մտել մարտական տրամադրվածությամբ։ Խաղի հենց սկզբում ունենալով մեծ առավելություն՝ չկարողացանք այն մինչև վերջ պահպանել, և «Հատիս»-ը հավասարեցրեց հաշիվը, նույնիսկ վեց միավորով առաջ անցավ: Նշեմ, որ մեր կազմի մեկնարկային հնգյակը ոչ մի փոփոխության չի ենթարկվել խաղի ամբողջ ընթացքում։ Մենք 20 նետում ավելի շատ էինք կատարել, ուղղակի կաղում էր մեր դիպուկությունը, բացի այդ, «Հատիս»-ին ստիպել էինք, որ մեզանից երկու անգամ ավելի գնդակ կորցնի։ Արդյունքում հաղթեցինք միայն 2 միավորի տարբերությամբ, այն էլ երկու օվերթայմից հետո։ Կարծում եմ՝ երկու թիմերն էլ արժանի էին չեմպիոնի կոչմանը։

Այդ վճռորոշ հաղթանակը «Երևան Բասկետ»-ի բոլոր պարտություններից հետո կատարված ճիշտ եզրակացությունների համագումարն էր»,-ասաց Սարգիս Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ VBET Հայաստանի կանանց 2021/2022 թթ առաջնությանը մասնակցեցին 5 թիմեր: «Երևան Բասկետ»–ը հռչակվեց առաջնության հաղթող, իսկ «Հատիս»-ը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց «Գյումրի»–ն: