bfa_arm

Թադե Մարտիրոսյան. Ես չեմ վախենում մարտահրավերներից

Հայաստանի կանանց հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Թադե Մարտիրոսյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է իր նշանակումը նոր պաշտոնին:

«Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել Հայաստանի կանանց հավաքականը: Դա շատ մեծ պատասխանատվություն է, և կարծում եմ՝ աշխատանքիս բարձր գնահատականը: Իմ սաները տարիներ շարունակ հանդես են եկել Հայաստանի կանանց տարբեր տարիքային հավաքականներում, որն ինձ համար լրացուցիչ մոտիվացիա է եղել շարունակելու աշխատանքս:

Այս տարիների ընդմիջումից հետո կանանց հավաքականը վերադառնում է, իսկ դա նշանակում է, որ մեզ բավականին բարդ և երկարատև աշխատանք է սպասվում: Սա ինձ համար նոր մարտահրավեր է, բայց ես մարտահրավերներից չեմ վախենում: Մեր նպատակը լինելու է հաջողության հասնելը և եվրոպական արենայում արժանի ելույթներ ունենալը»,- ասաց Թադե Մարտիրոսյանը:

Նշենք, որ Թադե Մարտիրոսյանի գլխավորությամբ Հայաստանի թիմը 2024 թվականի ամռանը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: