bfa_arm

«Վահագնի Սիթին» կմասնակցի ամերիկյան խոշոր մրցաշարի

Հայաստանի չեմպիոն «Վահագնի Սիթին» հնարավորություն կունենա հուլիսին մասնակցելու ամերիկյան խոշորագույն մրցաշարի։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Վահագնի Սիթիի» մամուլի խոսնակ Խաչատուր Վրթանեսյանը և Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը: Վերջինիս խոսքով՝ «Վահագնի Սիթիի» մասնակցության հայտի ընդունման լուրն իրենց համար անակնկալ էր:

«Հայաստանի չեմպիոն «Վահագնի Սիթիի» հայտը մասնակցելու ամերիկյան խոշորագույն մրցաշարին ընդունվել է: Այս մրցաշարին կմասնակցի ավելի քան 64 թիմ, ելույթ կունենան մի շարք պրոֆեսիոնալ թիմեր։ Այն տեղի կունենա հուլիսին, ԱՄՆ–ում։ Մեզ համար անակնկալ էր, որ հայտն ընդունեցին և հայկական թիմին հնարավորություն ընձեռեցին մասնակցելու նման խոշոր մրցաշարի։

Ուրախալի փաստ է, որ «Վահագնի Սիթին» կներկայացնի Հայաստանը արտասահմանում։ Սա աննախադեպ իրադարձություն է, որ հայկական ակումբներից մեկը մասնակցում է նման հեղինակավոր մրցաշարի, որտեղ խաղում են NBA-ի մի շարք աստղեր: Մրցաշարը նաև կոմերցիոն բնույթ է կրում, ունի շատ մեծ մրցանակային ֆոնդ։ Հանդիպումները կհեռարձակվեն ESPN վեբ կայքով, որն ունի ավելի քան 20 միլիոն լսարան։ Ամբողջ աշխարհի բասկետբոլասերները կհետևեն հայկական թիմի ելույթներին։ Հուսով ենք՝ «Վահագնի Սիթին» կկարողանա հաջողության հասնել»,– ասաց Արա Պողոսյանը։

Խաչատուր Վրթանեսյանի խոսքով` «Վահագնի Սիթին» կանի առավելագույնը նման խոշոր մրցաշարում Հայաստանը պատվով ներկայացնելու համար։

«Կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում, իհարկե գիտակցում ենք, որ լուրջ մրցակիցներ ունենք, բայց թիմը պատրաստ է նոր մարտահրավերների։

Այս մրցաշարում մեր մասնակցությունը ցույց է տալիս, որ Հայաստանում բասկետբոլային թիմերը ունեն ապագա, հնարավորություն ունեն արտասահմանում մասնակցելու խոշորագույն մրցաշարերի»,– ասաց նա։

«Վահագնի Սիթիի» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: