bfa_arm

Ա-Լիգա. հոբելյանական առաջնությանը կմասնակցեն 8 թիմեր

Նոյեմբերի 6-ին կմեկնարկի Հայաստանի կանոնավոր առաջնության 5-րդ հոբելյանական մրցաշրջանը։ Բոլոր խաղերը տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀԲՖ-ն, Ա-Լիգան և Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ն համագործակցության պայմանագիր ստորագրեցին։

«Ուրախ եմ հայտնել, որ շարունակելու ենք VBET ընկերության հետ մեր համագործակցությունը։ Նոր պայմանագիրը բացառիկ հնարավորություններ է ընձեռում, և այն շատ կարևոր ներդրում է բասկետբոլի զարգացման գործում։ Այս մրցաշրջանում հանդիսատեսին սպասվում են մեծ թվով անակնկալներ, որոնց մասին շատ շուտով կտեղեկացվեք»,- ասաց Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը նույնպես կարևորեց նոր համագործակցությունները՝ նշելով, որ դրանք նոր հնարավորություններ կբացեն կողմերի համար և կարող են մեծ քայլերով զարգացնել բասկետբոլը Հայաստանում։ 

«Տարիներ շարունակ մարզադահլիճի խնդիր ենք ունեցել, և այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինության հետ սերտ համագործակցության շնորհիվ ունենք հիանալի մարզադահլիճ, որը համաատասխանում է միջազգային չափորոշիչներին։ Այն ժամանակ թերահավատորեն էինք մոտենում Ա-Լիգայի ստեղծման գաղափարին, բայց այժմ այն դարձել է մի ապրանքանիշ, որը ճանաչելի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում։ Կաշխատենք ամեն բան անել մեր ունեցածը պահելու և այն առավել զարգացնելու համար»,- ասաց նա։

Ա-Լիգային կմասնակցեն 8 թիմեր: Մրցաշրջանը կմեկնարկի «Էրեբունի» - «ԲԿՄԱ» հանդիպումով։ Սկիզբը՝ 15։00-ին։