bfa_arm

Ինգա Մանուչարյանը՝ Ղազախստանի առաջնության չեմպիոն

Ավարտվեց բասկետբոլի կանանց Ղազախստանի բարձրագույն խմբի առաջնությունը: «Կասպիյը», որի կազմում հանդես է գալիս կանանց Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին առաջատար բասկետբոլիստուհի Ինգա Մանուչարյանը, տոնել է հերթական հաղթանակը և դարձել Ղազախստանի չեմպիոն:

Փլեյ-օֆֆ փուլի բոլոր երեք խաղերում «Կասպիյը» հաղթել է Աստանայի «Թայգերս» թիմին, իսկ եզրափակիչում հաղթանակ տարել Թուրքիստանի «Թուրանի» նկատմամբ՝ հռչակվելով Ղազախստանի 2020-2021թթ. առաջնության չեմպիոն:

Նշենք, որ թիմի գլխավոր մարզիչը հայազգի Բագրատ Առաքելյանն է:

Ինգա Մանուչարյանը ճանաչվել է փլեյ-օֆֆ փուլի լավագույն բասկետբոլիստուհի՝ կայացած 3 խաղում վաստակելով 54 միավոր, հայուհին ընդգրկվել է նաև առաջնության 5 լավագույն խաղացողների ցուցակում:

Հիշեցնենք, որ 20-ամյա Մանուչարյանը «Կասպիյ» է տեղափոխվել հայկական «Երևան Բասկետից»: Նա նախկինում հանդես է եկել ղազախական «Սինեգորիե» և լատվիական «Պապիրս» թիմերում, վերջինիս կազմում դարձել է Լատվիայի առաջնության փոխչեմպիոն։