bfa_arm

Ինգա Մանուչարյան․ Ամեն խաղում պայքարում էինք հաղթանակի համար

Կանանց Ղազախստանի 2020/2021 թթ․ առաջնության լավագույն խաղացողներից մեկը՝ Ինգա Մանուչարյանը, որը Ակտաուի «Կասպիյ»-ի կազմում դարձավ առաջնության չեմպիոն, ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է թիմի ելույթները և խոսել հետագա ծրագրերի մասին։

«Տեղափոխությունս Ղազախստան շատ արագ ստացվեց։ Պաշտոնական հրավեր ստացա և որոշեցի հանդես գալ Ակտաուի «Կասպիյ» թիմում՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր։ Առաջնությունն իրոք հետաքրքիր ստացվեց: Գիտակցում էի, թե մարզիչն ինչ է ակնկալում ինձնից և ինչ նպատակ է դրված ակումբի առջև։ Թիմի արդյունքները չեմ կարող շատ բարձր չգնահատել, քանի որ «Կասպիյ» -ն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ղազախստանի չեմպիոն։ Գոհ եմ նաև իմ ելույթներից, փորձել եմ հնարավորինս արդյունավետ գործել և լավ արդյունք ապահովել թիմի համար։ Խաղադաշտում միասնական էինք և ամեն խաղում պայքարում էինք հաղթանակի համար։ Ինչպես տեսնում եք, լուծել ենք խնդիրը և հասել մեր վերջնական նպատակին։ Երջանիկ եմ ոչ միայն թիմի չեմպիոնության համար, այլ նաև անհատական հաջողություններիս։ Այդ արդյունքին հասել եմ իմ և մարզիչներիս քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

Ճիշտն ասած, երբ նոր էի տեղափոխվել Ղազախստան, չէի սպասում, որ այսքան լավ կընթանա ամեն ինչ։ Թիմում առկա մթնոլորտը շատ լավն է։ Թիմակիցներս ինձ շատ ջերմ ընդունեցին, ոչ մի րոպե զգացնել չտալով, որ այլ երկրից եմ։ Միակ դժվարությունը հայրենիքից հեռու գտնվելն է։ Կարոտել եմ ընտանիքիս և ընկերներիս։ Անհամբեր սպասում եմ՝ երբ եմ վերադառնալու։

Տարբեր առաջարկներ եմ ստացել Իսպանիայից և Բուլղարիայից։ Ինչպես նաև, «Կասպիյ» թիմի ղեկավարությունը ցանկություն է հայտնել երկարաձգելու պայմանագիրը, բայց դեռ հստակ որոշում չեմ կայացրել, շուտով ամեն ինչ պարզ կլինի։

Ինքս ինձ անընդհատ մոտիվացնում եմ։ Չեմ պատրաստվում կանգ առնել, շարունակելու եմ շատ աշխատել նորանոր հաղթանակների համար»,- ասաց Ինգա Մանուչարյանը։

Հիշեցնենք, որ Ինգա Մանուչարյանը ճանաչվել է Ղազախստանի առաջնության փլեյ-օֆֆ փուլի լավագույն բասկետբոլիստուհի՝ կայացած 3 խաղում վաստակելով 54 միավոր, հայուհին ընդգրկվել է նաև առաջնության 5 լավագույն խաղացողների ցուցակում:

«Կասպիյ» ակումբի գլխավոր մարզիչը հայազգի Բագրատ Առաքելյանն է: