bfa_arm

«Երևան Բասկետ»–ի մարզիչ․ Երկրորդ տեղը ևս վատ արդյունք չէ

VBET կանանց Հայաստանի առաջնության եզրափակիչ խաղում Լես Ֆոքսիս»-ից կրած պարտությունից հետո «Երևան Բասկետ» ակումբի գլխավոր մարզիչ Սարգիս Ստեփանյանը կիսվել է իր տպավորություններով և մեկնաբանել թիմի գրանցած արդյունքը։

«Բավականին հետաքրքիր առաջնություն ստացվեց։ Դժգոհ չեմ աղջիկների խաղից, սխալներ թույլ տվեցինք, բայց դրանք ունեն իրենց պատճառները։ Ուզում եմ նշել, որ վեց թիմերից գրավել ենք երկրորդ տեղը, որը ևս վատ արդյունք չէ։

«Լես Ֆոքսիս» թիմին շնորհավորում եմ առաջին հորիզոնականը զբաղեցնելու կապակցությամբ, իրոք արժանի էին հաղթանակի։ Մեզ համար դժվար էր պայքարել նրանց դեմ, քանի որ իրենք մեկ տարի շարունակ մարզվել էին, իսկ մենք՝ ոչ։

Կազմն անընդհատ փոփոխության է ենթարկվել վնասվածքների և այլ խնդիրների պատճառով։ Որպես հետևանք՝ հնարավոր չեղավ ձեռք բերել ընդհանուր ձեռագիր, և աղջիկների համար դժվար ստացվեց այդպես հանդես գալ։

Բասկետբոլը թիմային մարզաձև է, բայց խաղացողների անհատական պատրաստվածությունը որոշիչ գործոն է։ Մենք զիջում էինք մրցակցին, և դա երևում էր բոլոր ուղղություններով։

Պետք է շատ աշխատել և շարունակել մարզումները։ Հուսով եմ`ապագայում ավելի լավ արդյունքներ կգրանցենք»,– ասաց մարզիչը։

Հիշեցնենք, որ VBET կանանց Հայաստանի կանոնավոր առաջնության եզրափակիչ շարքի երկրորդ «Լես Ֆոքսիս» - «Երևան Բասկետ» խաղում, «Լես Ֆոքսիս»-ը 75-47 հաշվով առավելության հասավ «Երևան Բասկետ»-ի նկատմամբ և հռչակվեց առաջնության չեմպիոն: Լավագույն եռյակը եզրափակեց «Հատիս»–ը: