bfa_arm

Վահագն Հարությունյան. Ամեն ինչ անելու ենք, որ հասնենք եզրափակիչ

Մ16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 18-23-ը Անդորրայում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Այժմ բասկետբոլիստները Վահագն Հարությունյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում մարզիչը խոսել է առաջիկա Եվրոպայի առաջնության և թիմի հնարավորությունների մասին:

«Այս տարի մեր կազմում ունենք 14 տարեկան վեց խաղացող, ինչը նշանակում է, որ նրանք ամեն դեպքում չունեն Մ16 տարեկաններին հավասար ֆիզիկական պատրաստվածություն։ Ներկա պահին հավաքը ընթանում է բնականոն ռեժիմով, այո, մի փոքր դժվար է՝ հաշվի առնելով տարիքը և նախապատրաստվելու ժամանակը, բայց առավելագույն ջանքներ ենք ներդնելու, որպեսզի իրականացնենք մեր առջև դրված առաջադրանքները։ Արդեն հասցրել ենք մի քանի ընկերական հանդիպում անցկացնել. տեսնում եմ՝ քայլ առ քայլ աղջիկները բարելավում են իրենց խաղը։

Մեր կազմի խաղացողները, ովքեր 14 տարեկան են, կարող են դեռևս երկու տարի խաղալ։
Մեր նպատակն է բարելավել նրանց խաղը և ժամանակի ընթացքում ամուր թիմ ունենալ:
Հավաքականում ունենք Սեդա Գաբրիելյանին, ով նախորդ տարի ստացավ առաջնության MVP (ամենաարժեքավոր բասկետբոլիստ) մրցանակը: Այս տարի մեծ սպասելիքներ ունենք նրա խաղից:

Մեր ենթախմբում Մալթայի հավաքականն է, որը, որպես կանոն, միշտ լավ թիմով է ներկայանում, համոզված եմ՝ բարդ է լինելու։ Առաջնության մյուս ենթախմբում Անդորրան է, որը վերջին տարիներին ևս հետաքրքիր կազմով է հանդես գալիս, ճիշտ է՝ ցածրահասակ թիմ ունեն, բայց շատ ճարպիկ են գործում։ Կանխատեսումներ ներկա պահին անել չեմ կարող, բայց ամեն ինչ անելու ենք, որ հասնենք եզրափակիչ»,- ասաց մարզիչը:

Նշենք, որ նախորդ տարի Մ16 աղջիկների Հայաստանի հավաքականը դարձել էր Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն: