bfa_arm

«Լես Ֆոքսիս»–ի մարզիչ. Շնորհակալ եմ և շնորհավորում եմ իմ թիմին

2021-04-25 14:51
VBET կանանց Հայաստանի առաջնության եզրափակիչ խաղում «Երևան Բասկետի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Լես Ֆոքսիս» ակումբի գլխավոր մարզիչ Հարութ Եսայանն ամփոփեց հանդիպումը, խոսեց երկրպագուների ներկայության և ակումբի նպատակների մասին:

«Իրականում խաղը ստացվեց ավելի լարված, քան սպասում էի: Կարծում եմ՝ իսկական եզրափակչի հանդիպում էր: Փաստացի գոհ եմ խաղի արդյունքից, որովհետև հաղթել ենք, չնայած կային թերություններ, որոնք չէի ցանկանա՝ լինեին: Ամեն դեպքում, աղջիկները հաղթելու մեծ ցանկություն ցույց տվեցին, պայքարեցին ու հասան իրենց առջև դրված նպատակին: Նրանցից դժգոհ լինել չեմ կարող, չնայած շատ աշխատելու և ավելացնելու տեղ ունենք: Շնորհակալ եմ և շնորհավորում եմ իմ թիմին այսպիսի արդյունքի համար:

Երկու ակումբի մոտ էլ մեծ էր չեմպիոն դառնալու ցանկությունը: Մրցակից թիմը լավ խաղ ցուցադրեց, և նրանց պայքարի արդյունքը փաստացի երևում էր, ինչն ավելի դիտարժան էր դարձնում հանդիպումը: Մրցակցին նույնպես շնորհավորում եմ: Կարծում եմ՝ երկրպագուներն էլ կհաստատեն, որ եզրափակիչը ստացվեց:

Բավականին շատ երկրպագուներ տեսանք մարզադահլիճում, բայց ավելի ուրախ կլինեի նրանց ավելի մեծ թվով տեսնել: Ամեն դեպքում, ամեն օր չէ, որ եզրափակիչ խաղ է տեղի ունենում: Վստահ եմ՝ հաջորդ մրցաշրջանը ավելի թեժ և դիտարժան է ընթանալու, իսկ մարզադահլիճում երկրպագուների պակաս չենք զգա:

Նպատակներ ունենք հանդես գալ Հայաստանի սահմաններից դուրս: Ոչինչ չենք բացառում: Կա մեծ ցանկություն ուժերը փորձել եվրոպական լիգաներում: Պետք չէ մտածել, որ մեր աղջիկները թույլ են և չարժե նման ռիսկի գնալ, ամեն դեպքում, անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները: Նաև չեմ բացառում, որ թիմում կլինեն համալրումներ: Այս առաջնությունում հանդես եկող խաղացողները շատ երիտասարդ են: Համոզված եմ՝ մի քանի տարի հետո մեր կատարած աշխատանքն իր արդյունքը ցույց կտա:

Մեր ակումբը միտված է զարգացնել բասկետբոլը Հայաստանում և ներկայանալ միջազգային հարթակներում: Պետք է շատ աշխատել այդ ուղղությամբ և անընդհատ ձգտել բարելավել խաղային որակը»,- ասաց մարզիչը:

Հիշեցնենք, որ VBET կանանց Հայաստանի կանոնավոր առաջնության եզրափակիչ շարքի երկրորդ «Լես Ֆոքսիս» - «Երևան Բասկետ» խաղում, «Լես Ֆոքսիս»-ը 75-47 հաշվով առավելության հասավ «Երևան Բասկետ»-ի նկատմամբ և հռչակվեց առաջնության չեմպիոն: Լավագույն եռյակը եզրափակեց «Հատիս»–ը: