bfa_arm

Արթուր Նազարյան. Հաջորդ մրցաշրջանից ակումբներն իրավունք կունենան իրենց կազմերում ընդգրկել լեգեոներների

ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ՀԲՖ-ի մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է VBET կանանց Հայաստանի 2020/2021 թթ. առաջնությունը, խոսել օտարերկրացի բասկետբոլիստներ ներգրավելու հնարավորության և հետագա ծրագրերի մասին:

«Անկախ Հայաստանի պատմության ընթացքում սա առաջին դեպքն էր, որ կանանց առաջնությունն անցկացվում էր կանոնավոր մրցակարգով, ինչը թույլ տվեց թիմերին շուրջ 7 ամիս լինել պայքարի մեջ։ Սա շատ համարձակ և դժվար որոշում էր, քանի որ քչերն էին հավատում, որ Հայաստանում հնարավոր է անցկացնել կանանց կանոնավոր առաջնություն։ Չնայած առկա բազմաթիվ դժվարություններին, VBET Հայաստանի առաջնությունը կայացավ, և թիմերը, ըստ նախատեսվածի, կարողացան ավարտել մրցաշրջանը։ Բնականաբար, պատերազմը ևս անդրադարձավ առաջնության ընթացքի վրա։ Մտավախություն կար, որ «Արցախ»-ը չի կարողանա շարունակել պայքարը, սակայն արցախցիները ևս ուժ գտան իրենց մեջ և վերադարձան ասպարեզ։

Պետք է նշեմ՝ այս առաջնությունն անցկացվեց առանց լեգեոներների։ Հաջորդ մրցաշրջանից ակումբներն իրավունք կունենան իրենց կազմերում ընդգրկել նաև օտարերկրացի խաղացողների, ինչն ավելի հետաքրքիր կդարձնի պայքարը։ Կարող ենք արդեն արձանագրել, որ ունենք կանանց Հայաստանի կանոնավոր առաջնություն, և ակումբները հնարավորություն կունենան մշտապես լինել պայքարի մեջ։ Շատ բան կախված է հենց ակումբներից․ ինչպե՞ս են նրանք փորձում առաջ գնալ, ի՞նչ ծրագրեր ունեն, կարողանու՞մ են արդյոք գտնել հովանավորներ։

Առաջնության մասնակիցների ցանկում սպասվում են փոփոխություններ։ Ամենայն հավանականությամբ, կրկին 6 թիմեր կպայքարեն չեմպիոնի կոչման համար, սակայն հնարավոր է, առաջնությունը սկսենք փոփոխված մասնակիցների ցանկով։
Հաջորդ առաջնության մեկնարկը նախատեսվում է սեպտեմբերին, մինչև այդ մեծ ծավալի աշխատանք ունենք կատարելու»,- ասաց Արթուր Նազարյանը։

Հիշեցնենք, որ VBET կանանց Հայաստանի 2020/2021 թթ առաջնությանը մասնակցեցին 6 թիմեր Երևանից և Գյումրիից։ «Լես Ֆոքսիսը» հռչակվեց առաջնության հաղթող, իսկ «Երևան Բասկետ»-ը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց «Հատիս»–ը: