«Ինչպես և մյուս թիմակիցներս, ես նույնպես մեծ ոգևորվածությամբ սպասում էի այս առաջնությանը։ Բավականին երկար ժամանակ է՝ կանանց համար նախատեսված որևիցե բասկետբոլային մրցաշար տեղի չէր ունեցել, և այսպիսի ձևաչափով առաջնության գաղափարը մեզ չէր կարող չուրախացնել։
Անկեղծ ասած, շատ անսպասելի էր, որ առաջին խաղից սկսած «Լես Ֆոքսիս»-ը թիմային խաղ ցուցադրեց։ Պետք է նշեմ, որ խաղադաշտում բավականին լավ էինք միմյանց հասկանում, ինչը զարմացնում էր, քանի որ թիմը նորաստեղծ էր, և առաջին մրցաշրջանն էինք միասին անցկացնում։ Այս ընթացքում մեծ դժվարությունների չեմ հանդիպել թիմում առկա լավ մթնոլորտի և մեր միասնականության շնորհիվ։ Ամեն հաղթանակից ոգևորվում էինք, և դա մեզ համախմբում էր։
Պետք է առանձնանցեմ եզրափակիչ հանդիպումը։ Այն շատ հետաքրքիր ստացվեց, քանի որ մինչև վերջին խաղակեսը թիմերի միջև առկա հաշվի տարբերությունը մեծ չէր։ Պայքարը հավասար էր, ինչն էլ մեզ պարտավորեցնում էր խաղադաշտում լինել ավելի զգոն և գործել հավասարակշռված։
Հանդիպման ավարտն ազդարարող եզրափակիչ սուլիչի ձայնից հետո բոլորս ապրեցինք աննկարագրելի զգացողություններ, քանի որ այս ամիսների ընթացքում մեր կատարած աշխատանքն իր արդյունքը տվեց, և թիմը հասավ իր առջև դրված նպատակին։
Իհարկե, այս հաղթանակը անհնարին կլիներ առանց մեր մարզիչների։ Շնորհակալ եմ նրանց նման թիմ ձևավորելու համար։ Մարզիչների կողմից տարվող հետևողական աշխատանքի և ջանքերի շնորհիվ այսօր ունենք այսպիսի արդյունք։
Մեծ հույս ունեմ, որ այս թիմով կունենանք ավելի մեծ հաղթանակներ»,- ասաց Լուսինե Տիտանյանը։
Հիշեցնենք, որ VBET կանանց Հայաստանի 2020/2021 թթ․ առաջնությանը մասնակցեցին 6 թիմեր Երևանից և Գյումրիից։ «Լես Ֆոքսիսը» հռչակվեց առաջնության հաղթող, իսկ «Երևան Բասկետ»-ը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց «Հատիս»–ը: