bfa_arm

Արթուր Նազարյանը և Ալբերտ Թադևոսյանն ամփոփեցին ելույթները

ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանը հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը:

«Հայաստանի հավաքականը Ռեքս Կալամյանի գլխավորությամբ բավականին լավ էր պատրաստվել փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Մինչև Մալթա մեկնելը Երևանում տեղի ունեցավ SADA cup միջազգային մրցաշարը, ինչը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականը պատրաստ է լավ արդյունքներ գրանցելու: Կարող եմ ասել՝ Մալթայում գրանցած արդյունքը տրամաբանական էր ու սպասելի: Ռեքս Կալամյանը խնդիր էր դրել հաղթել բոլոր խաղերում, և դա ստացվեց Մալթայում:

Ցանկություն կա խաղալ Եվրոպայի, աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում, բայց նաեւ պետք է ճիշտ գնահատենք մեր ուժերը և հնարավորությունները: Դա միայն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից չէ կախված: Ազգային հավաքականները հիմնականում պետական աջակցությամբ են հանդես գալիս, եթե այդ աջակցությունը լինի, ապա ապագայում մեր ներուժը ներում է խաղալ ընտրական փուլերում, բայց այս պահին մեր տեղը դեռ փոքր երկրներում է: Անշուշտ, մենք ուզում ենք խաղալ ընտրական փուլերում և այդ ուղղությամբ ընթանում են աշխատանքներ:

2016 թվականին Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթանակի ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ երկարատև դադարից հետո վերականգնվեց Հայաստանի առաջնությունը, կանոնավոր առաջնություն ձեւավորվեց: Շատ ուրախալի էր, որ այս տարի տեղական ակումբների ներկայացուցիչները հավաքականի գրեթե կեսն էին կազմում: Փորձը ցույց տվեց, որ առանց Հայաստանի առաջնության եւ կանոնավոր առաջնության հնարավոր չէ կայուն արդյունքներ ունենալ»,- ասաց Արթուր Նազարյանը:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանի խոսքով, ինքն անչափ ուրախ է փոքր երկրների Եվրոպայի առաջնության չեմպիոն դառնալու կապակցությամբ:

Մինչև փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը մեր թիմը այդքան էլ երկար ժամանակ չուներ նախապատրաստական աշխատանքների համար: Ընդամենը մի քանի շաբաթ ունեինք: Այդ կարճ ժամանակահատվածում մարզիչը մեզ պետք է շատ տեղեկատվություն փոխանցեր և տարբեր սխեմաներ բացատրեր:

Մարզիչ Քալամյանն այդ խնդիրը հիանալի կատարեց, նրա օգնականներն էլ, մասնավորապես մարզիչ Փիթը մեծ ծավալի աշխատանք կատարեցին: Մարզումները շատ հագեցած էին լինում, , երբեմն թվում էր, որ մարզիչներն ավելի շատ են հոգնում, քան խաղացողները: Օրեցօր աճ էինք գրանցում, ինչը նկատվում էր:

Ինձ համար շատ կարևոր էր այս տարվա առաջնությունը, քանի որ հինգ տարի առաջ Հայաստանն Անդորրայում արդեն հաղթել էր փոքր երկրների առաջնությունում, որին ես չմասնակցեցի վնասվածքի պատճառով: Ուրախ էի տղաների համար, բայց ցավալի էր, որ իմ մասնակցությունը չունեցա այդ հաջողությանը: Այս տարի ստացվեց, ինչի համար անսահման երջանիկ եմ»,- ասաց Ալբերտ Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակչում 84-68 հաշվով հաղթել էր Մալթայի հավաքականին և դարձել մրցաշարի հաղթող։

Մինչև այդ Հայաստանն առավելության էր հասել Ջիբրալթարի, Սան Մարինոյի և Անդորրայի հետ կայացած խաղերում: