Ալբերտ Թադևոսյան. Երկրպագուների աջակցությունը պետք է մեզ ոգեշնչի առաջ շարժվել
2024-11-29 21:48
Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է Ավստրիայի հետ խաղի արդյունքի, թիմի սխալների վերլուծության և հաջորդ հանդիպումներին նախապատրաստվելու մասին:
-Ալբերտ, Ավստրիայի հետ խաղը մեր օգտին չավարտվեց, բայց ինչպիսի քայլեր եք ձեռնարկելու հաջորդ խաղերին նախապատրաստվելու համար:
-Այս խաղի արդյունքը պետք է լինի մեզ համար անփոխարինելի դաս։ Պարտավոր ենք մանրամասն վերլուծել մեր սխալները, դրանք ուղղել ու անել առավելագույնը՝ առաջ գնալու համար։ Ունենք ուժեղ խաղացողներ, ովքեր պատրաստ են պայքարելու, և ես վստահ եմ, որ հաջորդ խաղերին առավել ուժեղ ու պատրաստ կլինենք։ Հիմա ամենակարևորը ոչ միայն մեր խաղային որակի բարելավումն է, այլ նաև թիմային համագործակցության զարգացումը: Բացի ֆիզիկական պատրաստվածությունից, մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք թիմի հոգեբանության վրա՝ ամբողջապես կենտրոնացած լինենք յուրաքանչյուր խաղի ընթացքում:
-Ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ թիմում՝ ավելի ուժեղ արդյունքների հասնելու համար:
-Միանշանակ անհրաժեշտ է կենտրոնանալ թիմային խաղի վրա՝ ավելի շատ աշխատելով միմյանց հետ։ Կարծում եմ, որ մեր համատեղ ջանքերը լավ արդյունք կտան, քանի որ թիմը շատ նպատակասլաց է ու ամեն անգամ ձգտում է կատարելագործվել։ Մենք բոլորս նպատակ ունենք հասնելու մեր լավագույն խաղամակարդակին:
-Ինչպիսի նոր մարտահրավերներ կան, և ինչպես եք պատրաստվում դրանց:
-Նոր մարտահրավերներն առջևում են, բայց ես հավատում եմ, որ մեր միասնականությունը, մեր երկրպագուների անսահման աջակցությունն ու հավատը մեր հանդեպ կօգնեն հաղթահարել դժվարությունները: Նրանք մեր ուժն են, և մենք կաշխատենք անել ամեն ինչ՝ նրանց համար՝ մեր հաղթանակներին համատեղ հասնելու համար: