bfa_arm

Շուշիկ Սահակյան․ Չկարողացանք ցույց տալ մեր ներուժը

Բասկետբոլի VBET Հայաստանի կանանց առաջնությունում 4-րդ տեղը զբաղեցրած «Էրեբունի» ակումբի գլխավոր մարզիչ Շուշիկ Սահակյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է թիմի գրանցած արդյունքը և խոսել առաջացած դժվարությունների մասին։

«Այս առաջնությունը նոր ճանապարհ հարթեց Հայաստանում կանանց բասկետբոլի զարգացման համար։ Սկզբում «Էրեբունի»-ն լավ սկսեց իր ելույթները, քանի որ բոլոր խաղացողները պատրաստ էին պայքարի և մասնակցում էին խաղերին։ Ճիշտն ասած, չէի սպասում, որ մրցաշրջանը այդքան երկար կընթանա։ Համավարակով և պատերազմով պայմանավորված հանդիպումները հետաձգվեցին, և նախատեսվածից երկար խաղացինք։

Բախվեցինք մի շարք խնդիրների, բայց այդպիսի իրավիճակում միայն մեր թիմը չէ, որ հայտնվել էր։ Այլ թիմերի համեմատ «Էրեբունի»-ում հանդես են գալիս բավականին տարիքով խաղացողներ, որոնք և՛ սովորում են, և՛ աշխատում։ Մրցաշրջանի ընթացքում եղան նաև վնասվածքներ, և կարևոր խաղերին չկարողացանք ցույց տալ մեր ներուժը։ Շատ միավորներից զրկվեցինք, իսկ վերջում արդեն իսկ դժվար էր հետ բերել կորցրածը։

Թիմը փլեյ-օֆֆ փուլում նույնպես լավ հանդես չեկավ։ Եթե չես մարզվում, պետք է պատրաստ լինես վատ արդյունքի։ Թիմում ընդգրկված խաղացողները միմյանց լավ չէին ճանաչում, հանդիպում էին խաղից խաղ և խաղադաշտում իրար չէին հասկանում։ Պարզ է, որ նման պարագայում չէի կարող նրանցից մեծ սպասումներ ունենալ։ Ցանկանում եմ այնպիսի թիմ կազմել, որ խաղացողները պատրաստ լինեն մարզումներ անցկացնելու և հնարավոր լինի իրենից որոշակի արդյունք սպասել։

Երբ խաղադաշտում սկսեցին միմյանց արդեն հասկանալ, խաղերը ավարտվեցին։ Ներկա կազմի հետ հեռանկարները շատ չեն, քանի որ անհրաժեշտ է ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում։ Ես կողմ չեմ միայն մասնակցության տարբերակին։

Դեռևս մշուշոտ են թիմի հետագա ծրագրերը։ Ցանկությունները շատ մեծ են, տեսնենք՝ հետագայում ինչ կստացվի»,- ասաց Շուշիկ Սահակյանը։

Հիշեցնենք, որ 3-րդ տեղի համար պայքարում «Հատիս»-ը 64-44 հաշվով առավելության էր հասել «Էրեբունի»-ի նկատմամբ։ «Լես Ֆոքսիսը» հռչակվեց առաջնության հաղթող, իսկ «Երևան Բասկետ»-ը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: