«Շատ ուրախ ենք, որ վերջապես որոշում կայացվեց այս տարի անցկացնել Եվրոպայի առաջնությունը, քանի որ, ինչպես գիտենք, համաճարակով պայմանավորված՝ անցած տարի այն տեղի չունեցավ: Արդեն հույս չունեինք, բայց, միևնույն ժամանակ, հասկանում էինք, որ այսպես երկար շարունակվել չէր կարող: Բոլոր մարզաձևերը վերադառնում էին իրենց բնականոն ընթացքին, և բասկետբոլային մրցաշարերը անմասն չէին մնա:
Արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները, կփորձենք առավելագույնս հանդես գալ՝ ցույց տալով մեր խաղային որակները: Թիմում ունենք հիմնական կորիզ, և այդ կազմում փոփոխություններ գրեթե չեն լինելու:
Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել՝ թիմը պատրաստ է այս տարվա Եվրոպայի առաջնությանը, ուղղակի անհրաժեշտ է հասկանալ՝ որտեղ է այն անցկացվելու, և ովքեր են մեր մրցակիցները:
Մեր մինչև 20 տարեկան աղջիկների հավաքականի համար B դիվիզիոնը նոր փորձություն է և նոր մակարդակ: Այստեղ արդեն ամեն ինչ ավելի լուրջ է, և մեզանից պահանջվելու է այլ մոտեցում: Ամեն ինչ անելու ենք լավ արդյունքի հասնելու համար»,- ասաց մարզիչը:
Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը Վահագն Հարությունյանի գլխավորությամբ 2019 թվականին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող:
Այս տարվա Եվրոպայի առաջնության կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները:
Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2021 թվականի օգոստոսի 9-ից 14-ը, իսկ մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները՝ հուլիսի 13-ից 18-ը: