bfa_arm

Արման Տիրայան. Տեսնում ենք մեր թիմի զարգացման հեռանկարները

Բասկետբոլի VBET Հայաստանի կանանց առաջնությունում 6-րդ տեղը զբաղեցրած «Գյումրի» ակումբի գլխավոր մարզիչ Արման Տիրայանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է թիմի գրանցած արդյունքը և կիսվել տպավորություններով։

«Երբ իմացանք կանանց առաջնության անցկացման մասին, միանգամից սկսեցինք թիմի կազմավորման աշխատանքները։ Առաջնության ընթացքում շատ աղջիկներ անձնական խնդիրների պատճառով որոշում կայացրին լքել պայքարը, ինչն էլ իր ազդեցությունն ունեցավ ամբողջ թիմի ելույթների վրա։ Ընդհանուր առմամբ, աղջիկներից ոչ գոհ եմ, ոչ էլ դժգոհ։ Նրանք դեռ փոքր են և իրենց խաղային որակները զարգացնելու տեղ ունեն։ Միայն շատ մարզվելով և խաղալով՝ կարող ենք հաջողություն ունենալ։ Թիմում բոլորն այդ իրողությունը գիտակցում են։ Առաջնության ընթացքում մեր ելույթները կայուն են եղել, չեմ կարող ինչ-որ շրջան առանձնացնել։ Ուղղակի շատ էի ցանկանում, որ մասնակցեին, պայքարեին հաղթանակի համար, որպեսզի հետագայում հնարավոր լինի լավ արդյունքի հասնել։ Ես իրենց մեջ տեսնում եմ մեծ ներուժ, և սպասելիքներս էլ շատ են։

Շարունակելու ենք առաջնությունում մեր ելույթները։ Թիմը օտարերկրացի խաղացողներով համալրելու հարցում խնդիր ունենք, քանի որ դա էականորեն կախված է հովանավորներից։ Դեռևս կփորձենք տեղի խաղացողներով մրցակցության մեջ մտնել։ Տեսնում ենք զարգացման հեռանկարներ»,- ասաց մարզիչը։

Հիշեցնենք, որ VBET կանանց Հայաստանի 2020/2021 թթ առաջնությանը մասնակցեցին 6 թիմեր Երևանից և Գյումրիից։ «Լես Ֆոքսիսը» հռչակվեց առաջնության հաղթող, իսկ «Երևան Բասկետ»-ը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց «Հատիս»–ը: