bfa_arm

Սեդա Գաբրիելյանը բասկետբոլային կրթությունը կշարունակի ԱՄՆ-ում

2023-11-09 13:15
Հայաստանի կանանց պատանեկան հավաքականների առաջատար խաղացող Սեդա Գաբրիելյանը մեկնել է ԱՄՆ՝ շարունակելու բասկետբոլային կրթությունը։ 16-ամյա Գաբրիելյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է այդ որոշման կայացման և իր նպատակի մասին։

«Այս վերջին տարիների ընթացքում հստակ տեսնում էի, որ գրանցում եմ լավ արդյունքներ, բայց միևնույն ժամանակ հասկանում, որ անհրաժեշտ է բարելավել խաղամակարդակս ապագայում շատ ավելի լավ ելույթներ ունենալու համար։

Նպատակ ունեի հայտնվել ԱՄՆ-ում, խաղալ որակապես ավելի բարձր թիմերում և դրան զուգահեռ ստանալ ամերիկյան բասկետբոլային կրթություն։

Իմ անձնական մարզիչ Արտյոմ Թավակալյանի օգնությամբ մի քանի ամիս շարունակ ուղարկում էի խաղային հոլովակներս ԱՄՆ-ի մի շարք նահանգների թիմերի մարզիչներին։ Որոշ ժամանակ պատասխան չստանալուց հետո վերջապես ինձ հետ կապ հաստատեցին Արիզոնա նահանգից և առաջարկեցին հանդես գալ իրենց դպրոցներից մեկի թիմում։ Դպրոցական ուսումս նախատեսված է երկու տարի, բայց եթե համալսարանական թիմերից հրավեր ստանամ, կարող եմ շարունակել։ Հստակ ասել հնարավոր չէ, դա արդեն ժամանակը ցույց կտա։

Անկեղծ ասած՝ շատ ոգևորված եմ։ Հույս ունեմ, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի, կկարողանամ ոչ միայն զարգացնել խաղային որակներս, այլ նաև ապագայում օգնել Հայաստանին հաջողություններ գրանցելու գործում»,- ասաց Սեդա Գաբրիելյանը։