bfa_arm

Վահագն Հարությունյան․ Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում պայքարելու ենք մրցանակային տեղի համար

Երևանում hուլիսի 13-18-ը կկայանան կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, կանանց մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը, բասկետբոլի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին մրցաշարի մասին և պատասխանեցին լրագրողների հարցերին:

«Վերջապես, կանանց մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես կգա Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում։
Հայաստան կժամանեն Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի հավաքականները։ Մեր թիմը բավականին լավն է, մեծ է հավանականությունը հաջող ելույթներ ունենալու համար։ Մեր գլխավոր նպատակն է՝ ստեղծել ուժեղ ազգային հավաքական, որը կկարողանա ցանկացած հարթակում պատվով ներկայացնել Հայաստանը»,– ասաց Արա Պողոսյանը։

Նրա խոսքով Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մեծ աշխատանք է կատարել նման մրցաշարը Հայաստանում անցկացնելու համար։

«Մեծ ջանքեր գործադրելով՝ հաջողվեց հնարավորություն ունենալ տվյալ մրցաշարի ենթախմբերից մեկի հանդիպումները անցկացնել Հայաստանում։ Սա մեր երկրում աննախադեպ իրադարձություն է․ նման մրցաշար դեռևս չի եղել։

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանի խոսքով Երևանում այսպիսի մրցաշարի անցկացումը խթանիչ գործոն կհանդիսանա Հայաստանում բասկետբոլի զարգացման համար։

«Այս մրցաշարը նոր փորձություն է մեզ համար։ Շատ ուրախ ենք, որ մեր երկրում հուլիս ամսին տեղի կունենա նման մեծ բասկետբոլային մրցաշար։ Հայաստանի պատմության մեջ երբևիցե նման թիմերի հետ չենք խաղացել, և ավելի հաճելի կլիներ, որ առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ առաջնության ձևաչափը փոփոխությունների չենթարկվեր, և հնարավոր լիներ մրցելու 16 թիմերի դեմ։ Ցավոք, որոշում կայացվեց, որ ենթախմբում վեցից ավելի թիմեր ընդգրկված չլինեն։

Բավականին ուժեղ մրցակիցներ ունենք, օր․՝ Հունաստանի հավաքականը։ Նրանց վերջին մրցաշարը եղել է 2 տարի առաջ Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնության B դիվիզիոնում, որտեղ նրանք զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը։

Թիմի հիմնական կազմը հիմնականում 19 տարեկան են և մեր գերնպատակը հաջորդ տարի 20 տարեկանների թիմ ձևավորելն է:
Գիտակցում ենք, որ B դիվիզիոնում ենք խաղալու։ Այո, բարդ է լինելու, բայց ամեն ինչ կանենք հաջողության հասնելու համար։ Պայքարելու ենք մրցանակային տեղի համար,– ասաց մարզիչը։

Հիշեցնենք, որ կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 13-18-ը Երևանի նախկին «Միկա» մարզահամալիրում։