Հայաստանի հավաքականը հուլիսի 3-ին եզրափակչում 84։68 հաշվով պարտության մատնելով Մալթայի թիմին՝ նվաճեց չեմպիոնի գավաթը: NBA-ում 30 տարվա փորձով Ռեքս Քալամյանի գլխավորած հավաքականը հաղթել էր նաև Անդորրայի, Ջիբրալթարի և Սան Մարինոյի թիմերին: Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Քրիս Ջոնսը, որը մեր հավաքականի ավագ Անդրե Սփայթ Մկրտչյանի հետ միասին ընդգրկվել է մրցաշարի լավագույն հնգյակում։
«Ուզում եմ շնորհավորել բասկետբոլի Հայաստանի հավաքականին՝ FIBA-ի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթելու եւ ոսկին նվաճելու կապակցությամբ։ Շատ շնորհակալ եմ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային, մարզիչ Ռեքսին, Անդրեին եւ Քրիսին՝ լավագույն խաղացողի տիտղոսը նվաճելու համար: Հաճելի էր լինել այս ճանապարհի մի մասը։ Սա մեծ պատիվ էր, դուք ստիպեցիք ինձ եւ SADA-ում մեզ բոլորիս՝ հպարտություն զգալ։ Ոչ միայն Հայաստանը, այլեւ աշխարհի հայերը հպարտ են ձեզնով: Դուք ոգեշնչման աղբյուր եք հազարավոր երեխաների համար: Սա միայն սկիզբն է Հայաստանի բասկետբոլի համար»,- իր տեսաուղերձում նշել է SADA-ի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Թոնի Սաֆոյանը:
«Այս հաջողությունը հնարավոր չէր լինի առանց SADA-ի աջակցության։ Ինչպես գիտեք, Երևանում մեծ հաջողությամբ կայացավ SADA Cup մրցաշարը, և գավաթի խաղարկությունը մեծ արձագանք ստացավ։ Այս պահին մտածում ենք նման մրցաշարն ավանդական դարձնելու ուղղությամբ և ցանկանում ենք ավելի մեծ թվով մրցակիցների ընդգրկել։ Շուտով մեր գլխավոր հովանավոր SADA-ի հետ կքննարկենք՝ ինչ ֆորմատով է հնարավոր մյուս տարի անցկացնել նմանատիպ մրցաշար»,- նշել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան և SADA-ն այս տարի ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ բասկետբոլի ազգային հավաքականի առաջխաղացման և Հայաստանում բասկետբոլի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատելու նպատակով: FIBA-ի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում առաջին տեղը նվաճելուց առաջ Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն էր զբացեղրել հունիսի 23-26-ին Երևանում երբևէ անցկացված առաջին «SADA Cup» միջազգային մրցաշարում, որին մասնակցել են նաև թիմեր Սիրիայից, Իրանից և ԱՄՆ-ից։