bfa_arm

Արա Գևորգյան․ «Բազեում» թիմային ոգի կա. կարծես մեկ ընտանիք լինենք

Մ-14տ․ աղջիկների Հայաստանի առաջնությունում չեմպիոն հռչակվելուց հետո «Բազե» թիմի գլխավոր մարզիչ Արա Գևորգյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է առաջնությունը և խոսել թիմի գրանցած արդյունքի մասին։

«Բազե» թիմն արդեն 3-4 տարի է, ինչ սկսել է մարզումներ անցկացնել։ Անցած տարի որոշեցինք, որ կարող ենք ռիսկի գնալ և մասնակցել այս տարվա առաջնությանը, և թիմի համար այն հանդիսացավ առաջին լուրջ փորձությունը։ Աղջիկներն առավելագույն ուժերը ներդրեցին յուրաքանչյուր խաղում՝ լինելով ամենաարդյունավետը մրցաշարում։ 

10 խաղ ենք անցկացրել և նույնչափ հաղթանակ ենք ունեցել։ Իհարկե, հրաշալի արդյունք է։ 

Թիմում ունենք բավականին ուժեղ խաղացողներ։ Թիմի առաջատար Սեդա Գաբրիելյանն առաջ գնալու մեծ հեռանկարներ ունի, ամենից շատ միավորներ հենց ինքն է վաստակում։ Կառանձնացնեմ նաև Էլեն Խաչատրյանին, ով ֆիզիկապես շատ լավ է պատրաստված, միայն տեխնիկապես է մի փոքր կաղում, բայց շատ աշխատելու դեպքում դա էլ կհարթվի։ Իրոք շատ տաղանդավոր մարզուհիներ են։

Եթե յուրաքանչյուր մարզիչ կարողանա գոնե մեկ լավ խաղացող պատրաստել հավաքականի համար, վստահորեն կկարողանանք ասել, որ մարզչի աշխատանքը հաջողվել է։

Չեմ կարող ասել, որ մրցաշարը մեզ համար հեշտ ստացվեց, բայց շատ լուրջ դիմադրության գրեթե չենք հանդիպել։ Դժվարություն ունեցել ենք «Արթիկի» դեմ խաղում. 12 միավորի տարբերությամբ պարտվում էինք, հետո կարողացանք առաջ անցնել և հաղթել։ Առաջնության ընթացքում աղջիկները թեթև վնասվածնքեր ստացան, բայց լավ է՝ կարողացան արագ վերականգնվել և շարունակել ելույթները։ Ոչ մի հետաձգված խաղ չենք ունեցել, ամենայն պատասխանատվությամբ ներկայացել ենք բոլոր հանդիպումներին։

Որպես մարզիչ՝ հոգեբանորեն շատ եմ աշխատում թիմի հետ, նրանցից պահանջում եմ հարգանք մեկը մյուսի նկատմամբ, պատասխանատվության բարձր զգացում, նվիրվածություն և ամենակարևոր բանը, որ պահանջում եմ՝ չուշանալ մարզումներից։

Տեսնում եմ, որ մեզ մոտ կա թիմային ոգի. կարծես մեկ ընտանիք լինենք։ Շարունակելու ենք ջանասիրաբար աշխատել հետագայում ավելի լավ արդյունքների հասնելու համար»,- ասաց մարզիչը։

Նշենք, որ առաջնության չեմպիոն է դարձել «Բազե» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է «Արթիկը», երրորդը` «Արցախը»: