bfa_arm

Ալբերտ Թադևոսյան. Ամեն ինչ կանենք, որ յուրաքանչյուր խաղում հաղթենք

Ջիբրալթարի դեմ տոնած հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով:

«Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք: Մինչև խաղն արդեն վերլուծել էինք մրցակցին, հասկացել էինք՝ ինչպիսի խաղ են ցուցադրում: Անկեղծ ասած գիտակցում էինք, որ մեր խաղային մակարդակն ավելի բարձր է:

Մեր թիմը համալրել է Քրիս Ջոնսը, ով բավականին ուժեղ խաղացող է: Նա մեզ նոր է միացել, պարզ է՝ խաղի սկզբում մի փոքր դժվար էր, քանի որ տարբեր կոմբինացիաներ էինք փորձարկում, բայց, ընդհանուր առմամբ, հանդիպման վերջնամասում ավելացրինք և կարողացանք միավորներով բավականին առաջ անցնել:

Հաջորդ խաղերը շատ կարևոր են, զգում եմ, որ ավելին կարող եմ: Ամեն ինչ կանենք, որ յուրաքանչյուր խաղում հաղթենք և հասնենք մեր նպատակին»,- նշել է Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության առաջին տուրում 100:63 հաշվով առավելության է հասել Ջիբրալթարի նկատմամբ:

Հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, Հայաստանի հավաքականը կխաղա Սան-Մարինոյի ընտրանու հետ: