Վահագն Հարությունյան․ Դժգոհ չեմ, բայց ավելին էի սպասում
2021-04-21 11:06
Բասկետբոլի VBET Հայաստանի կանանց առաջնությունում 3-րդ տեղը զբաղեցրած «Հատիս» ակումբի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում մեկնաբանել է թիմի գրանցած արդյունքը և խոսել առաջացած դժվարությունների մասին։
«Ընդհանուր առմամբ, առաջնությունը երրորդ տեղով եզրափակելը այնքան էլ սպասելի արդյունք չէր: Դժգոհ չեմ, բայց կարող էինք ավելի լավ հանդես գալ: Ես ինքս էլ թիմից ավելի մեծ ակնկալիքներ ունեի, այնուամենայնիվ, զբաղեցրել ենք մրցանակային հորիզոնական, կփորձենք հետագայում ավելի լավ խաղալ՝ շտկելով առկա սխալները:
Առաջնությունը բավականին երկար ընթացավ, հանդիպումները հագեցած էին, ինչն էլ ժամանակ առ ժամանակ առաջացնում էր որոշակի խնդիրներ: Նշեմ, որ աշխատել ենք հնարավորինս արագ լուծել դրանք և առավելագույն ուժերը ներդնել յուրաքանչյուր խաղում:
Աղջիկներին ավելի բարձր հորիզոնական զբաղեցնելու գործում խոչընդոտ հանդիսացան ուսումը և աշխատանքը, որոնց հետ փորձում էին համատեղել բասկետբոլը: Նրանք ուղղակիորեն ավելի քիչ մարզումներ անցկացրին, ինչն էլ նվազեցրեց ավելի վստահ հանդես գալու հնարավորությունները: Սա դեռ սկիզբն է, կաշխատենք հնարավորինս բարելավել թիմային խաղը՝ ձգտելով ավելի լավ արդյունքներ գրանցել հետագայում»,- ասաց մարզիչը:
Հիշեցնենք, որ 3-րդ տեղի համար պայքարում «Հատիս»-ը 64-44 հաշվով առավելության էր հասել «Էրեբունի»-ի նկատմամբ։
Բասկետբոլի VBET Հայաստանի կանանց 2020-2021 թթ. առաջնության եզրափակչում միմյանց հետ ուժերը կչափեն «Լես Ֆոքսես» և «Երևան Բասկետ» ակումբները: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ նախկին «Միկա» մարզահամալիրում։ Հանդիպման սկիզբը՝ ժամը 20:15-ին: Մուտքն ազատ է: