bfa_arm

Մերի Գրիգորյան․ «Լես Ֆոքսիս»-ն իր միասնության շնորհիվ գրանցեց այսպիսի արդյունք

Հաղթական զգացողություններն անբացատրելի են։ Հպարտ եմ, որ այս հրաշալի թիմի մի մասնիկն եմ։

Այս մասին ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ասաց VBET կանանց Հայաստանի 2020/2021 թթ․ առաջնության չեմպիոն «Լես Ֆոքսիս» թիմի ավագ Մերի Գրիգորյանը, որն ամփոփեց թիմի ելույթները և կիսվեց տպավորություններով։

«Ինչպես գիտենք, երկար տարիներ շարունակ կանանց բասկետբոլը Հայաստանում պասիվ փուլում էր։ Երբ իմացանք, որ անցկացվելու է բարձրագույն խմբի առաջնություն, և մեր թիմը հնարավորություն ունի մասնակցելու, ցանկությունը մեծ էր առաջինը նվաճելու չեմպիոնի տիտղոսը։ Այդ փաստը մեզ առաջ էր մղում։

Մարզումները սկսելուն պես, մեծ ոգևորությամբ, ջանք ու եռանդ չխնայելով՝ պատրաստվում էինք խաղերին։ Այդ ընթացքում մարզիչը մեծ աշխատանք է տարել թիմի հետ։ Նա պահանջկոտ էր, ու շատ հաճախ թույլ չէր տալիս հանգստանալ՝ մեզ պահելով խաղային ռիթմի մեջ։

Այս մրցաշրջանում առանձնահատուկ էր թիմի անցկացրած հենց առաջին հանդիպումը։ Խաղադաշտ մտնելուն պես ուզում էինք ցույց տալ մեր լավագույն որակները և հաղթանակ տոնել։ Տպավորիչ էր նաև թիմի երկրորդ հանդիպումը։ Լարվածությունը մեծ էր, իսկ պայքարը՝ հավասար։ Այդ խաղում հասկացա, որ իրական թիմ ենք և մեկ բռունցք դարձած՝ պատրաստ ենք պայքարել մինչև վերջ։

Նաև չեմ կարող չառանձնացնել առաջնության եզրափակիչ հանդիպումը։ Մեծ էր չեմպիոն դառնալու ցանկությունը, ինչի պատճառով շատ լարված էինք։ Հասկանում էինք, որ վերջին խաղն է և սխալվելու իրավունք չունենք։ Երջանիկ եմ, որ հասանք մեր նպատակին։

Հաղթական զգացողություններն անբացատրելի են։ Հպարտ եմ, որ այս հրաշալի թիմի մի մասնիկն եմ։ Շնորհակալ եմ մեր մարզիչներին իրենց մոտեցման և կատարած ահռելի աշխատանքի համար։ Մեր միասնության շնորհիվ ունեցանք այսպիսի արդյունք»,- ասաց Մերի Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ VBET կանանց Հայաստանի 2020/2021 թթ․ առաջնությանը մասնակցեցին 6 թիմեր Երևանից և Գյումրիից։ «Լես Ֆոքսիսը» հռչակվեց առաջնության հաղթող, իսկ «Երևան Բասկետ»-ը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց «Հատիս»–ը: