«Ինչ խոսք, ուրախալի փաստ է, որ Հայաստանում անցկացվեց բասկետբոլի կանանց կանոնավոր առաջնություն։ Այն իրոք շատ սպասված էր մեզ համար։ Բոլոր թերություններով ու առավելություններով այս առաջնությունը մոտիվացրեց աղջիկներին անցկացնել մարզումներ և ուղղակի զբաղվել բասկետբոլով․ յուրաքանչյուրը ցանկանում էր ցույց տալ իր դերը թիմում։
Ինձ համար առաջնության սկզբնամասը շատ հետաքրքիր էր, քանի որ և՛ պայքար կար, և՛ մոտիվացիա, բայց միջնամասում այդ պայքարը մարեց։ Փլեյ-օֆֆ փուլը որոշակի առումով հետաքրքրություն մտցրեց, և մենք ականատես եղանք հետաքրքիր դիմակայությունների։
Տխրեցնում է մարզադահլիճում երկրպագուների սակավ լինելը։ Բայց վստահ եմ, որ շատ շուտով ավելի կմեծանա կանանց բասկետբոլի հանդեպ հանրության հետաքրքրությունը․ դա մեզ միայն կօգնի։
Ըստ իս՝ մեր խաղային որակները զարգացնելու դեռ շատ տեղ ունենք և պետք է առանց դադարի աշխատենք։ Ամենակարևորը հետևողականությունն ու ուշադրությունն է․ այս իրողությունները որոշիչ գործոն կհանդիսանան Հայաստանում կանանց բասկետբոլի զարգացման գործում։ Լավ արդյունքների կհասնենք միայն այդ պարագայում, քանի որ ընձեռված են բոլոր հնարավորությունները։
Կարծում եմ՝ «Երևան Բասկետ»-ն առավելագույն ուժերը ներդրեց այս առաջնությունում։ Եզրափակիչում «Լես Ֆոքսիս»-ի դեմ շատ ուժեղ պայքար չտեսանք, քանի որ իրենք մեզանից ավելի պատրաստված էին։ Դժվար է պայքարել մշտապես մարզումներ անցկացնող թիմի դեմ։ Եթե Ինգա Մանուչարյանը և Հասմիկ Միքայելյանը մեզ հետ մնային մինչև վերջ, միգուցե արդյունքը այլ լիներ։
Շնորհավորում եմ «Լես Ֆոքսիս» ակումբին և շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում մեզ հետ էին։ Մեր հաղթանակները դեռ առջևում են»,- ասաց Նարինե Գյոկչյանը։
Հիշեցնենք, որ VBET կանանց Հայաստանի 2020/2021 թթ․ առաջնությանը մասնակցեցին 6 թիմեր Երևանից և Գյումրիից։ «Լես Ֆոքսիսը» հռչակվեց առաջնության հաղթող, իսկ «Երևան Բասկետ»-ը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց «Հատիս»–ը: