bfa_arm

Արտակ Հարությունյան․ «Գյումրի»-ն ունի զարգանալու լավ հեռանկար

VBET Հայաստանի կանանց 2021/2022 առաջնությունում 3-րդ տեղը զբաղեցրած «Գյումրի» ակումբի գլխավոր մարզիչ Արտակ Հարությունյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է թիմի ելույթները։

«Հայաստանի կանանց առաջնությունը տարեց տարի զարգանում է բոլոր առումներով։ Այս մրցաշրջանում առաջին անգամ ընդգրկելով արտասահմանցի խաղացողների՝ կարողացանք թիմային խաղի լրիվ այլ մոտեցում ցուցաբերել։

Ամբողջ ընթացում թիմի ներսում միայն դրական մթնոլորտ է եղել, ինչը, միանշանակ, օգնել է, որպեսզի լավ հանդես գանք։ Տեղացի և արտասահմանյան խաղացողների համագործակցությունը ստացված եմ համարում և միայն ուրախ կլինեմ, եթե դա շարունակվի հաջորդ մրցաշրջանում։ Ոգեշնչող է այն փաստը, որ մեր մարզի խաղացողները ինքնադրսևորվելու նման լայն հնարավորություն ունեցան։

«Գյումրի»-ի տեղացի բասկետբոլիստները դեռ շատ աշխատելու տեղ ունեն, բայց ես՝ որպես մարզիչ, նրանց զարգանալու լավ հեռանկարը տեսնում եմ և ամեն հարցում փորձելու եմ իրենց աջակցել»,- ասաց գլխավոր մարզիչը։

«Գյումրի»-ի գլխավոր մարզչի օգնական Արթուր Ասեսյանը նույնպես մեկնաբանել է թիմի գրանցած արդյունքը և կիսվել իր տպավորություններով։

«Մրցաշրջանի սկզբում «Գյումրի»-ն անվստահ էր հանդես գալիս, խաղադաշտում միմյանց լավ չէին հասկանում, բայց ժամանակի ընթացքում աշխատելով սխալների վրա՝ որակապես բարելավվեցին խաղը։ Որոշակի բարդություններով՝ թիմին հաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել․ նման արդյունքը գնահատում ենք լավ, բայց ոչ գերազանց։ Փորձելու ենք հաջորդ մրցաշրջանում ավելի լավ ելույթներ ունենալ, քանի որ աշխատելու տեղ շատ ունենք։

Դեռևս չենք մտածում կազմի փոփոխությունների մասին, ցանկանում ենք տեղացի խաղացողներին ուժեղացնել և արդյունավետ օգտագործել նրանց ներուժը։ Պետք է աշխատել թիմի կորիզը ձևավորելու վրա, որպեսզի հիմնական խաղացողների պակաս չունենանք։ Իսկ բարձր մակարդակի խաղացողներ պատրաստելու համար բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ․ ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ։ Հուսով եմ՝ հաջորդ մրցաշրջանում «Գյումրի»-ին կտեսնենք ավելի վառ ելույթներով»,- նշեց Արթուր Ասեսյանը։

Հիշեցնենք, որ VBET Հայաստանի կանանց 2021/2022 թթ առաջնությանը մասնակցեցին 5 թիմեր: «Երևան Բասկետ»–ը հռչակվեց առաջնության հաղթող, իսկ «Հատիս»-ը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց «Գյումրի»–ն: