bfa_arm

Զորիկ Իսաջանի. Մեր նպատակն է չեմպիոն դառնալ կամ կրկնել նախորդ տարվա արդյունքը

Մ16 տարեկան տղաների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 19-27-ը Կոսովոյում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Այժմ բասկետբոլիստները Զորիկ Իսաջանիի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում մարզիչը խոսել է թիմի պատրաստվածության և հնարավորությունների մասին:

«Այժմ բոլոր ջանքերը ներդնում ենք, որպեսզի հնարավորինս լավ ներկայանանք առաջիկա առաջնությանը: Ներկա պահին մի փոքր բարդ է ընթանում աշխատանքը, քանի որ մի քանի հայ խաղացողներ մեզ միացել են արտերկրից, և կա հարմարվելու խնդիր: Պետք է քրտնաջան աշխատել, որպեսզի տեղացի խաղացողների հետ համագործակցությունը լավ ընթանա, և արդյունքում տեսնենք թիմային խաղ:

Այս փուլում ընկերական հանդիպումներ կանցկացնենք մեր իրական հնարավորությունները գնահատելու համար: Հուսով եմ՝ հնարավորինս արագ կկարողանանք թիմը հասցնել բարձր մակարդակի:

Մրցելու ենք Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ: Չեմ կարող այս պահին գնահատել այդ թիմերի հնարավորությունները, քանի որ ամեն տարի այդ հավաքականները ներկայանում են նոր և փոփոխված կազմով: Կարծում եմ՝ բարդ և դիտարժան հանդիպումներ են սպասվում:

Տրամադրվածությունը մարտական է: Մեզ համար կարևոր է հաղթել բոլոր խաղերում: Մեր նպատակն է չեմպիոն դառնալ կամ կրկնել նախորդ տարվա արդյունքը»,- ասաց Զորիկ Իսաջանին:

Նշենք, որ նախորդ տարի Մ16 տղաների Հայաստանի հավաքականը դարձել էր Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն: