«Մինչև առաջնության մեկնարկը «Հատիս» թիմը համալրվեց 3 արտասահմանցի խաղացողով, որոնց ընտրության հարցում իրապես չենք սխալվել: Նրանք շատ արագ հարմարվեցին թիմին, և առանց խոչընդոտների սկսվեց մեր համագործակցությունը: Ինչ վերաբերում է տեղացի բասկետբոլիստներին , ապա ավելի մեծ ընտրության հնարավորություն չունեինք: Երկու խաղային դիրքի խնդիր ունեինք, և ընտրության բարդությունը կապված էր հենց դրա հետ:
Փորձել էինք ստեղծել խաղային ուրույն ձեռագիր և ամբողջ մրցաշրջանի ընթացքում թիմային խաղ ցուցադրել: Թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման գծում բազմաթիվ կոմբինացիաներ ենք իրականացրել, ինչով առանձնանում էինք այլ թիմերից: Մրցաշրջանի սկզբում կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքում նկատվում էր որոշակի խնդիր, բայց աղջիկները ժամանակի ընթացում աճեցին, բարելավեցին իրենց խաղամակարդակը և մրցաշրջանի վերջում սկսեցին միավորներ վաստակել:
Հարկ է նշել, որ շատ մեծ աշխատանք ունենք իրականացնելու պատանեկան առաջնություններում, որպեսզի հետագայում լայն ընտրության հնարավորություն ունենանք: Արտասահմանցի խաղացողները պետք է գիտակցեն, որ իրենք նույնպես կարող են փոխարինվել, իսկ դրան հասնելու համար տեղացի բասկետբոլիստները պետք է իրենց առավելագույնս դրսևորեն:
Կանոնավոր առաջնությունում առաջատար էինք և վստահ քայլերով դուրս եկանք եզրափակիչ փուլ, որտեղ հանդիպեցինք մեր սկզբունքային մրցակից «Երևան Բասկետ»-ին: Եզրափակիչ շարքի առաջին խաղում պարտություն կրեցինք: Հիմնական խնդիրը մեր թիմի առանցքային խաղացողներից՝ Սառա Էդմոնդի ստացած վնասվածքն էր, որի պատճառով նա չկարողացավ օգնել թիմին: Իսկ կարճ ժամանակահատվածում դժվար էր գտնել նրան փոխարինող տարբերակ: Երկրորդ խաղում Սառան փոքր-ինչ կաղալով, բայց կարողացավ խաղալ: Այդ հանդիպման ժամանակ թիմն ավելի վստահ տեսք ուներ, և մեզ հաջողվեց հաղթանակի հասնել: Իսկ ինչ վերաբերում է շարքի վերջին և վճռորոշ խաղին, կարող եմ ասել, որ հուզմունքը շատ էր, նաև հաջողության գործոն էլ կար, բացի այդ՝ բավականին շատ սխալներ թույլ տվեցինք և չհասանք մեր նպատակին:
Ցավալի պարտություն էր, ափսոսանք կա, բայց չենք հուսահատվում, և ավելի մեծ եռանդով կպայքարենք հաջորդ տարի: Ամենակարևոր իրողությունն այն է, որ «Հատիս»-ը վերադարձել է: Բավականին շատ դրական արձագանքներ ենք ստացել, և կցանկանամ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, ովքեր այս ընթացքում մեր կողքին էին»,- ասաց Արեգ Վաթյանը:
Հիշեցնենք, որ VBET Հայաստանի կանանց 2021/2022 թթ առաջնությանը մասնակցեցին 5 թիմեր: «Երևան Բասկետ»–ը հռչակվեց առաջնության հաղթող, իսկ «Հատիս»-ը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց «Գյումրի»–ն: