bfa_arm

Սևակ Քեթենջյանն ավարտել է ՖԻԲԱ–ի մարզչական ծրագրի առաջին փուլը

Օրերս տղաների Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի օգնական Սևակ Քեթենջյանը մասնակցեց ՖԻԲԱ-ի Եվրոպայի մարզչական վկայականի հատուկ ծրագրին։ Այն մշակվել է երիտասարդ մարզիչների կողմից, որպեսզի մասնակիցները բարելավեն պատանեկան բասկետբոլի իրենց գիտելիքները։ Հանձնելով քննությունները՝ մարզիչներին հնարավորություն կընձեռվի բարձրացնելու որակավորումը և ստանալու ՖԻԲԱ-ի հատուկ վկայական:

Դասընթացի առաջին փուլը տեղի է ունեցել Սկոպյեում (Հյուսիսային Մակեդոնիա) և տևել է մեկ շաբաթ: Սևակ Քեթենջյանը, ով հաջողությամբ ավարտել է այս ծրագրի առաջին փուլը, ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ներկայացրել է մանրամասներ սեմինարի ընթացքից և կիսվել տպավորություններով։

«ՖԻԲԱ–Եվրոպայի կողմից ազգային ֆեդերացիաներին հրավեր էր ուղարկվել մասնակցելու մարզչական սեմինարին։ Հաստատվեց մեր մասնակցությունը, և ինձ հնարավորություն ընձեռվեց ներկայացնելու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։ Նշեմ, որ այս մարզչական դասընթացը տևելու է 3 տարի, 3 հանգրվաններով։ Այս տարի ավարտեցի առաջին փուլը, իսկ մինչև երկրորդ փուլը մեզ հանձնարարվել են տնային առաջադրանքներ։ Ամեն հանձնարարությանը տրվում է գնահատական, ինչը լրացուցիչ մոտիվացիա է:

Մարզչական սեմինարին մասնակցում էին աշխարհի 41 երկրներից 58 մարզիչներ։ Բավականին հայտնի մարզիչներ էին մեզ ուսուցանում, որոնց թվում էր Անդրեա Տրինկիերին, Մարկո Ռամոնդինոն,
Նենադ Տրունիչը, Մայքլ Շվարցը, Յանեշ Դրվարիչը և այլք։ Հիանալի հարթակ էր ինքդ քեզ վրա աշխատելու և կատարելագործվելու տեսանկյունից։ Մեզ փոխանցվեց մարզչական աշխատանքի թարմացված փորձառություն, հսկայական տեղեկատվություն և գիտելիք, միաժամանակ, նշեմ՝ ամեն ինչ շատ պարզ էր և հասկանալի։ Ծրագրի շրջանակներում հնարավորություն ընձեռվեց դիտել մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության խաղերը, վերլուծել առաջատար թիմերի բասկետբոլիտների ելույթները և կատարել եզրակացություններ։

Կցանկանամ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀԲՖ-ին ինձ հավատալու և այս հնարավորությունը ընձեռելու համար: Այն գիտելիքի մեծ պաշարը, որը կուտակել եմ, կփորձեմ առավելագույնս ներդնել հայկական բասկետբոլի զարգացման գործում»,- ասաց Սևակ Քեթենջյանը: