bfa_arm

Համահայկական խաղեր. Արեգ Վաթյանը ներկայացրել է «Երևան»-ի կազմը

Մեկնարկում են համահայկական 8-րդ խաղերը: Բասկետբոլի տղաների մրցաշարում ներկայանալիք թիմերից մեկը «Երևան»-ն է: Թիմի գլխավոր մարզիչ և Երևանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արեգ Վաթյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում անդրադարձել է իրենց մասնակցությանը և խոսել թիմի կազմի մասին:

«Երևան»–ի կազմում մեծամասամբ հանդես կգան Հայաստանի Մ18 հավաքականի տղաները: Վերջերս ավարտված Ա-լիգայում նրանք ելույթ էին ունենում ԲԿՄԱ-ի կազմում, այս խաղերում նրանց ուղղակի միացել են ևս երկու փորձառու խաղացողներ: Թիմը խաղային պրակտիկա ունի, հետևաբար կարող եմ նշել՝ պատրաստ ենք համահայկական խաղերին:

«Երևան»-ի կազմը ընտրելիս՝ որոշեցինք սերնդափոխություն կատարել և ընդգրկել երիտասարդ խաղացողների: Բոլորը Երևան քաղաքի բնակիչներ են, ինչը շատ եմ կարևորում, և կարծում եմ՝ այս խաղերում յուրաքանչյուր թիմ պետք է փորձի ներկայացնել այն քաղաքը կամ երկիրը, որտեղից որ եկել է: Մեր թիմի տղաները առաջին հերթին խաղալու են իրենց քաղաքի համար:

Համահայկական խաղերին ներկա կգտնվի նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը: Դա լրացուցիչ մոտիվացիա է երիտասարդ խաղացողների համար՝ ցույց տալու իրենց ներուժը, և հնարավորություն է ապագայում ազգային հավաքականի կազմը համալրելու համար»,- ասաց Արեգ Վաթյանը:

Արեգ Վաթյանը ներկայացրել է նաև «Երևան»-ի հայտացուցակը:

1.Արայիկ Գևորգյան
2.Արթուր Ավագյան
3.Գառնիկ Խաչատրյան
4.Լևոն Վաթյան
5.Մարատ Միքայելյան
6.Յուրա Մելիքյան
7.Նարեկ Սարգսյան
8.Ռոմա Սարիբեկյան
9.Սամվել Գևորգյան
10.Վահան Սարգսյան
11.Տիգրան Մկրտումյան
12.Սերգեյ Ավետիսյան

Հիշեցնենք, որ համահայկական 8-րդ ամառային խաղերում ներառված բասկետբոլի մրցումները կանցկացվեն օգոստոսի 7-ից 18-ը։ Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն 30 թիմեր: