bfa_arm

ՀԲՖ-ն և SADA-ն հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով

Հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարից առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը խոսեց SADA ընկերության հետ նոր համագործակցության մասին՝ նշելով, որ դա լայն հնարավորություններ կընձեռի մեծ քայլերով բասկետբոլը Հայաստանում զարգացնելու համար։ 

«SADA ընկերության հետ համատեղ մի շարք ծրագրեր ունենք։ Նրանց քայլերն ուղղված են հայկական բասկետբոլը զարգացնելուն։ Համագործակցությունն իր բնույթով բացառիկ է։ SADA-ն դարձել է ՀԲՖ–ի հուսալի գործընկերը։ Այժմ համագործակցում ենք միայն Հայաստանի հավաքականների մասով, բայց այս մրցաշարերի ավարտից հետո քննարկելու ենք հետագա ծրագրերը»,- ասաց Արթուր Նազարյանը։

«Շատ ուրախ եմ ներկայացնել SADA ընկերությունը, որի հիմնադիրները Հովիկ և Անի Սաֆոյաններն են։ Ուրախ ենք վերադառնալ հայրենիք և նորից կապվել մեր արմատների հետ։ Ցանկանում ենք սպորտային կարիերայի հնարավորություններ ստեղծել հաջորդ սերունդների համար, ինչպես նաև խթանել առողջ ապրելակերպը երիտասարդների շրջանում։ Հուսով ենք, որ SADA CUP–ում և Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը լավ արդյունքներ կգրանցի։ Մեր գլխավոր նպատակը բասկետբոլի զարգացումն է»,- ասաց SADA ընկերության մարքեթինգի գլխավոր տնօրեն Նարինե Գալստյանը։

SADA CUP մրցաշարի և հաջորդող փոքր երկրների Եվրոպայի առաջնության մասին խոսել է նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը։ NBA-ում հսկայական փորձ կուտակած անվանի մարզիչը բարձր է գնահատել մրցաշարի կարևորությունը և խոսել կատարվող աշխատանքների մասին.

«Ունենք նոր թիմ, նոր խաղացողներ, նոր հովանավոր, արդեն հասցրել ենք 7 մարզում անցկացնել, առջևում մեզ սպասվում են SADA CUP միջազգային մրցաշարի խաղերը, որից հետո կմեկնենք Մալթա Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Աշխատում ենք ոչ միայն խաղացողների անհատական որակների բարելավման ուղղությամբ, այլև թիմային խաղի վրա։

Շատ ժամանակ չունենք. մեզ համար յուրաքանչյուր օր շատ կարևոր է։ Մեր գլխավոր նպատակը այնքան հաղթանակը չէ, որքան զարգացումը։ Մենք ուզում ենք պայմաններ ստեղծել, որի հիման վրա հնարավոր կլինի Հայաստանում բասկետբոլը կայուն զարգացնել։ Ամեն տարի աշխատում ենք այդ ուղղությամբ և փորձում բարելավել պայմանները։ Հայաստան գալուս հիմնական նպատակ դա է։ 

Աշխատում ենք տարբեր լեզուներով՝ անգլերենով, հայերենով և բասկետբոլի լեզվով։ Հիմնականում աշխատում ենք հենց բասկետբոլի լեզվով։ Թիմը հասցնում է գրեթե ամեն ինչ, բայց հիմնականում առաջնորդվում ենք NBA-ի ոճով։ Կիրառում եմ այն ամենը, ինչ սովորել եմ այս 25 տարիների ընթացքում։ Պետք է նշեմ, որ խաղացողները բավականին շատ գիտելիքներ ունեն խաղի մասին, ինչն ինձ օգնում է մարզումների ժամանակ»,– ասաց Ռեքս Քալամյանը։

Հայ մարզասերների սիրելի Անդրե Սփայթ-Մկրտչյանը հուզված է Հայաստանի հավաքական վերադարձով, նաև բարձր է գնահատում Ռեքս Քալամյանի ներկայությունը ազգային թիմում.

«Ուրախ եմ, որ վերադարձել եմ և շարունակելու եմ ելույթներս Հայաստանի ազգային հավաքականում։ Հաճելի է նաև, որ Հայաստանում տեղի է ունենալու SADA CUP միջազգային մրցաշարը։ Ես բոլորին պատմում եմ այս իրադարձության մասին և խորհուրդ տալիս գալ և երկրպագել հավաքականին։ Սա մեզ համար հիանալի փորձություն է Եվրոպայի առաջնությունից առաջ։ Ուրախ եմ, որ ունենք նոր գլխավոր մարզիչ՝ Ռեքս Քալամյանը, ով պրոֆեսիոնալ մասնագետ է։ Հույս ունենք, որ նրա հետ մի շարք հաջողությունների կհասնենք»,- ասաց Անդրե Սփայթ Մկրտչյանը:

Հայաստանի հավաքականի մեկ այլ բասկետբոլիստ՝ Ալբերտ Թադևոսյանը ևս կարևորեց այն հանգամանքը, որ ազգային հավաքականը գլխավորում է Ռեքս Քալամյանը, ինչպես նաև խոսեց մարզումային ընթացքի մասին.

«Շատ ուրախ ենք, որ մեզ հետ աշխատում է նման բարձրակարգ մարզիչ, ինչպիսին Ռեքս Քալամյանն է։ Ազգային հավաքականի դադարը բավականին երկար տևեց և ինձ թվում է՝ և՛ խաղացողները, և՛ երկրպագուներն անհամբերությամբ ու կարոտով սպասում էին այս օրերին։ Աշխատում ենք քրտնաջան, մարզումները բարդ են, բոլորս հոգնում ենք, բայց հաճույքով ենք այդ ամենն անում։ Երջանիկ եմ և շնորհակալ, որ այս թիմի մի մասն եմ կազմում, հուսով եմ՝ մեզ մոտ ամեն ինչ կստացվի, և Մալթայից կվերադառնանք ոսկե մեդալներով»,- ասաց Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան և SADA-ն օրեր առաջ ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ բասկետբոլի ազգային հավաքականի առաջխաղացման և Հայաստանում բասկետբոլի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատելու նպատակով:

Google Cloud-ի առաջատար գործընկեր, բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար SADA-ն դարձել է Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների (Մ16, Մ18 տղամարդկանց և Մ16, Մ20 կանանց) գլխավոր հովանավորը:  

SADA CUP միջազգային մրցաշարին մասնակցելու է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն: