«Շատ մեծ ոգևորությամբ էի սպասում այս առաջնությանը։ Երբ հայտարարեցին, որ այն կայանալու է, սկսեցինք մարզվել և մեր առջև նպատակ դրեցինք հասնել եզրափակիչ ու հաղթել։ Քայլ առ քայլ գնում էինք դեպի մեր երազանքը։ Ինչպես տեսնում եք, զբաղեցրինք առաջին հորիզոնականը։
Մեզ մոտ ամեն ինչ ուղղակիորեն ստացվեց, ինչի համար շատ ուրախ եմ։ Դժվարությունների միշտ էլ հանդիպում ենք, բայց թիմն իր միասնության շնորհիվ կարողանում է հաղթահարել դրանք։
Ինձ համար եզրափակիչը շատ հետաքրքիր ընթացավ, երկու թիմն էլ իրական պայքար էին մղում չեմպիոնի կոչմանն արժանանալու համար։
Երբ խաղն ավարտվեց շատ խառը զգացողություններ ունեի․ և՛ ուրախություն էի զգում, և՛ հուզմունք։ Մի պահ անհավատալի էր, որ հաղթել ենք, բայց հասկանում էի, որ խնդիրը լուծված է։
Իրականում, ամեն ինչ ստացվեց մեր մարզիչի կատարած աշխատանքի շնորհիվ։ Շատ շնորհակալ եմ նրան, որ մեզ միավորեց և ընտանիք դարձրեց։ Նրա դերը անգնահատելի է։
Այս հաղթանակով չպետք է բավարարվենք․ սա դեռ սկիզբն է։ Վստահ եմ՝ հետագայում ևս կհասնենք լավ արդյունքների։
Պետք է նշեմ նաև, որ շատ անսպասելի էր ստանալ առաջնության ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը․ դա պարտավորեցնում է ավելի շատ աշխատել, մարզվել և զարգացնել կանանց բասկետբոլը Հայաստանում»,- ասաց Աննա Օհանյանը։
Հիշեցնենք, որ VBET կանանց Հայաստանի 2020/2021 թթ․ առաջնությանը մասնակցեցին 6 թիմեր Երևանից և Գյումրիից։ «Լես Ֆոքսիսը» հռչակվեց առաջնության հաղթող, իսկ «Երևան Բասկետ»-ը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Լավագույն եռյակը եզրափակեց «Հատիս»–ը: